Մասիսում հայտնի անհատ ձեռներեցը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Այսօր՝ ապրիլի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող ջայլամաբուծական ֆերմայում կրակոց է հնչել և կա վիրավոր քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ քրեական և համայնքային ոստիկանները կժամանեին նշված վայր, Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Մասիսի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղից «ծնոտի շրջանում հրազենի վիրավորում» ախտորոշմամբ իրենք հիվանդանոց են տեղափոխել մի քաղաքացու:
Քրեական և համայնքային ոստիկանությունը պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 70-ամյա Արմենակ Ա.-ն է: Վերջինը ծայրահեղ ծանր վիճակում է:
–00—ՅՄ