Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է. Զատիկ կամ Տիրոջ հրաշափառ Հարության տոնը

Պարտության ու հուսահատության զգացում էր տիրում աշխարհում, երբ Հիսուս տառապեց ու մահացավ խաչի վրա, իսկ Նրա անշունչ մարմինը դրվեց գերեզմանում: Անկախ այն ամենից, ինչ Հիսուսը բազմիցս ասել էր Իր մահվան ու հարության մասին, միևնույնն է, ոչ ոք չէր հասկանում դրա իմաստը։ Սակայն Նրա Խաչելությանը հետևեց Հարության ուրախալից առավոտը:

Սուրբ Հարության տոնը քրիստոնյա աշխարհի մեծագույն իրադարձություններից մեկն է: Քրիստոս խաչվեց մարդկությանը մեղքերից փրկելու համար, ապա հարություն առավ, որպեսզի խորտակվի անխուսափելի մահվան իշխանությունը: Եվ այսօր Քրիստոս, հարություն առնելով մեռելներից,  Իր հետ հարություն տվեց նաև մեզ, որ մեղքերի ու մահվան մեջ էինք:  Հարության շնորհիվ մենք հասկացանք, թե որն է մարդկային կյանքի նպատակը: Մահը, լինելով վախճանը երկրավոր կյանքի, դառնում է սկիզբը՝ երկնավոր կյանքի:

Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Այդ պահից գրեթե երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված:

Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Ս. Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Ս. Հարության  տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից։ Հավատացյալները միմյանց ողջունում են տալով Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց», պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Այս ավետիսը պետք է հնչի յուրաքանչյուրի հոգում և տանը՝ ավետելով նոր, մաքուր սկիզբը։

 –00—ԱՊ