Իրանը կշարունակի բանակցություններն ԱՄՆ-ի հետ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք կառուցողական է համարում

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ կվարի Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ այնքան ժամանակ, քանի դեռ կարծում է, որ դրանք կառուցողական են և արդյունավետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Բաղայիի խոսքերը։

«Բանակցությունների տևողությունը կախված է դրանց առաջընթացից: Ինչ վերաբերում է մեզ, ապա Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունն այս ճանապարհը սկսել է լիակատար լրջությամբ, և քանի դեռ հավատում ենք, որ բանակցությունները շարունակվում են կառուցողական և արդյունավետ, մենք դրանք կվարենք»,-ասել է իրանցի դիվանագետը։

Էսմայիլ Բաղային հավելել է, որ Թեհրանի հիմնական պահանջը մնում է հակաիրանական պատժամիջոցների ամբողջական վերացումը՝ դրանք չվերսկսելու երաշխիքներով։

–00—ՅՄ