Նոր Նորքի կասկադում տնկվեց շուրջ 1300 ծառ. քաղաքապետը ներկայացրեց կանաչապատման ծրագրերի հեռանկարը

Երևանի քաղաքապետարանը ապրիլի 19-ին քաղաքային ծառատունկ է կազմակերպել Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի կասկադային հատվածում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տնկվել է շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ՝ ծիրանենի, խնձորենի, տանձենի, սալորենի և նշենի։ Տեղում գործում է ոռոգման ամբողջական համակարգ, ինչը ծառերի հաջող կպչողականության կարևոր նախապայման է։

Լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ երեք տարում տնկվել է շուրջ 20 հազար ծառ, հաջորդ փուլը կիրականացվի Դալմայի այգիներում։

«Այսօր մոտ վեց հեկտար տարածքում իրականացվում է ծառատունկ։ Վերջին երեք տարվա ընթացքում՝ այս հատվածից բացի, շուրջ 48 հեկտար տարածքում արդեն տնկել ենք 20 հազար ծառ, և պլանավորում ենք ծավալներն էլ ավելի մեծացնել։ Մեր հաջորդ խոշոր ծրագիրը նախատեսում ենք Դալմայի այգիներում՝ մոտ 250 հեկտար տարածքի վրա անտառի վերականգնում»,- ասաց նա։

Ավինյանն ընդգծեց, որ բոլոր կանաչապատման աշխատանքները զուգորդվում են ոռոգման ցանցի ներդրմամբ։«Քաղաքապետարանի իրականացրած բոլոր ծառատունկերի տարածքներում նախապես ներդրվում է ոռոգման համակարգ, քանի որ փորձը ցույց է տվել՝ առանց այն ապահովելու, ծառերի կպչողականությունը շատ ցածր է լինում։ Այդ իսկ պատճառով Երևանի քաղաքապետարանը վերջին երեք տարիներին իրականացված բոլոր ծրագրերն ուղեկցել է նաև ոռոգման համակարգերի կառուցմամբ, ինչի արդյունքում ապահովվել է մոտ 95 տոկոս կպչողականություն»,- եզրափակեց Ավինյանը։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը վստահեցրեց, որ Նոր Նորքի կասկադային հատվածում իրականացվող ծառատունկը կլինի հաջողված, ինչպես նախորդ չորս քաղաքային անտառները, որոնք, ըստ նրա, ապահովել են շուրջ 94–95 տոկոս կպչողականություն։

Բեգոյանի խոսքով՝ այս նախագիծը Երևանի հինգերորդ «ուրբան» (քաղաքային) անտառն է, իսկ նախորդ չորսը՝ Եռաբլուրի լանջերում, Մարզահամերգային համալիրի տարածքում, Հաղթանակ զբոսայգու հարակից հատվածում և Նորք-Մարաշի ու Նորքի այգիներում արդեն տեսանելի և կայացած կանաչապատ տարածքներ են։

«Սա չլսված արդյունք է, և մենք մայիսին հրավիրելու ենք լրատվամիջոցներին ու քաղաքացիներին՝ շրջելու այդ հատվածներով, որպեսզի անձամբ համոզվեք»,-նշեց նա։

Բեգոյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ ծառեր են տնկվել տարբեր հատվածներում՝ ըստ հողի առանձնահատկությունների. պտղատու ծառեր՝ շուրջ 800 հատ հիմնականում ծիրանենի, խնձորենի, սալորենի, նշենի, թթենի և որոշ քանակով տանձենի։ Քարքարոտ հատվածներում՝ նշենիներ, թթենիներ, դեկորատիվ հատվածներում՝ սալորենի, ծիրանենի։

Նա նշեց, որ յուրաքանչյուր ծառ ընտրվել է՝ հաշվի առնելով տարածքի բնույթը և դիմացկունությունը երաշտի պայմաններում։

Անդրադառնալով ծառատնկման արդյունավետությանը՝ Բեգոյանը ասաց, որ որոշ ստվերային գոտիներ կձևավորվեն արդեն այս տարվա ամռանը, քանի որ օգտագործվել են արդեն բավական մեծ չափի ծառեր։«Մոտ երեք տարուց այս վեց հեկտար տարածքը լիովին կապահովվի ինչպես ստվերով, այնպես էլ կանաչ զանգվածով»,-վստահեցրեց ՀՈԱԿ-ի տնօրենը։

Ծառատունկին մասնակցեցին նաև քաղաքապետարանի, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և Նոր Նորք վարչական շրջանի աշխատակիցները, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ:

–00–ԱՀ