Աբբաս Արաղչին ժամանել է Հռոմ՝ մասնակցելու Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլին
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հիշեցնելով, որ Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար:
Նշենք, որ Օմանի արտգործնախարարության խոսնակն օրեր առաջ հայտնել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։
Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, Օմանում տեղի էր ունեցել իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը։ Երկու կողմերի պաշտոնյաները նշել են, որ ապրիլի 12-ի բանակցություններից հետո առաջ տանող ճանապարհ են տեսնում: Տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գոհ է եղել Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլից, որն ընթացել էր ըստ պլանի և անուղղակի ձևաչափով։
Մինչ այս հայտարարվում էր, որ բանակցությունների երկրորդ փուլը նույնպես կկայանա Օմանում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ համաձայնագիր կնքի, հակառակ դեպքում սպառնացել էր ռազմական հարվածներ հասցնել: Թեհրանը, սակայն, հայտարարել էր, որ չի վստահում Թրամփին, որը 2018 թվականի մայիսին միակողմանիորեն դուրս էր եկել 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրից և 2025 թ. հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո վերահաստատել Թեհրանի դեմ առավելագույն ճնշման իր արշավը: Իրանը հայտարարել էր, որ ճնշման տակ չի բանակցելու:
–00–ԱՀ