Ռուսաստանը Մեքսիկայի պաշտպանության նախարարին հրավիրել է Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Ռուսաստանը Մեքսիկայի պաշտպանության նախարար Ռիկարդո Տրեվիլյա Տրեխոյին հրավիրել է մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Ռուսաստանում Մեքսիկայի դեսպան Էդուարդո Վիլեգաս Մեխիասի հայտարարությունը։
«Եթե ինձ հրավիրեն, ապա, իհարկե, կմասնակցեմ և կշնորհավորեմ Ռուսաստանին երկրի համար նման կարևոր օրվա կապակցությամբ: Գիտեմ, որ Մեքսիկայի պաշտպանության նախարարը հրավիրված է շքերթին: Դեռ չգիտեմ՝ նա կգա՞: Դա կախված է նախարարությունից: Բայց կարող եմ ասել, որ եթե ՊՆ-ից ոչ ոք չգա, դեսպանատան ռազմական կցորդները ներկա կլինեն»,- ասել է Մեխիասը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։
2025 թվականին նշվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Մայիսի 9-ի կապակցությամբ նախատեսում են Մոսկվա այցելել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Վենեսուելայի, Բրազիլիայի և Սերբիայի նախագահներ Նիկոլաս Մադուրոն, Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան և Ալեքսանդր Վուչիչը, ինչպես նաև Հնդկաստանի և Սլովակիայի վարչապետներ Նարենդրա Մոդին և Ռոբերտ Ֆիցոն։
Բացի այդ, Հաղթանակի շքերթին ծրագրում են մասնակցել Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն, Իլհամ Ալիևը, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Սադիր Ջապարովը, Շավքաթ Միրզիյոևը և Էմոմալի Ռահմոնը։
–00–ԱՀ