Հայաստանում արձանագրվել է անտառային հրդեհների աճ, անհրաժեշտ են միասնական ջանքեր․ Ցուցուլյան
18/04/2025
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Ապրիլի 18-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։
Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ:
Կամո Ցուցուլյանը նախ անդրադարձել է անտառային հրդեհները կանխելուն, դրանց հետևանքները նվազեցնելուն վերաբերող հարցերի՝ ընդգծելով, որ թեև Փրկարար ծառայությունն իզորու է պատշաճ արձագանքելու նույնիսկ ամենաբարդ իրավիճակներին, սակայն առավել տպավորիչ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է շահագրգիռ կառույցների ամենօրյա համագործակցված աշխատանք։
Ներկայացվել են վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է անտառային հրդեհների աճ։
Փրկարար ծառայության տնօրենը, վերլուծելով ստեղծված իրավիճակն, առաջարկել է հասցեական լուծումներ, որոնք դարձել են ընդհանուր քննարկման առարկա։ Կամո Ցուցուլյանը հատկապես կարևորել է համատեղ շրջայցերի միջոցով անտառամերձ տարածքներում բնակվողների հետ բացատրական, կանխարգելիչ միջոցառումների պարբերական իրականացումը։ Այս համատեքստում՝ մասնակիցները պայմանավորվել են համատեղ իրականացնել հանրային իրազեկման արշավներ ոչ միայն բնակչության հետ անմիջական շփումների, այլև զանգվածային լրատվության միջոցներով։
Կամո Ցուցուլյանն անդրադարձել է նաև կամավորական խմբերի աշխատանքին և, առհասարակ, միջազգային գործընկերների աջակցությամբ մեր երկրում այդ մշակույթի զարգացմանը վերաբերող հարցերի՝ շեշտելով, որ կամավորական խմբերի արագ արձագանքումը ևս կարող է նպաստել անտառային հրդեհների տարածումը կանխելուն։
Մասնակիցները կանխարգելման համատեքստում քննարկել են նաև հրդեհավտանգ տարածքներում շուրջօրյա հերթապահություններին, արագ արձագանքմանն ու ոլորտին վերաբերող այլ հարցեր։
Բարձրացվել են գործնականում պատահող խնդիրներ, որոնց արդյունավետ լուծման ուղիները կանխորոշվել են համատեղ քննարկմամբ՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամների դիտարկումների արդյունքում։
Շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները համատեղ ձեռնարկվելիք գործնական քայլերի ժամանակացույցի և արդյունավետ իրականացման շուրջ ձեռք են բերել պայմանավորվածություններ։
–00—ՍՊ