Քննարկվում են՝ ինչպես կանխարգել Հայաստանում մարդկանց թրաֆիքինգը
18/04/2025
Իրավական
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։
Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի մեջ են մտել 2022 թվականից։ Անդրադարձ է կատարվել թրաֆիքինգի ենթարկված անձանց՝ վերջիններիս կողմից շահագործման պայմաններում հանցագործություն կատարելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատվելու, քրեական հետապնդման ժամկետների, վարույթի փուլերի, թրաֆիքինգից տուժած անձանց փոխհատուցման և այլ հարցերի:
Կարևորվել են անչափահասների մասնակցությամբ քննչական գործողություններին որակավորված հոգեբանների ներգրավման պահանջի սահմանումը, քրեական վարույթներով իրավական օգնության մասին համապարփակ օրենսդրության ընդունումը։
Կողմերը երկուստեք վերահաստատել են իրենց հանձնառությունը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում համատեղ ջանքերի ակտիվացման և ձեռնարկվող քայլերի շարունակականության ապահովման ուղղությամբ՝ նորանոր հաջողություններ արձանագրելու համար:
–00—ՍՊ