Հաստատվել են բուհերի 2025-26 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
2025-2026 ուսումնական տարվա` ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանն ընդհանուր առմամբ հատկացվել է 3118 տեղ, որից 2118-ը՝ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, իսկ մնացածը՝ միջպետական համաձայնագրերի շրջանակում ընդունելությանը, ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվող նպատակային ընդունելությանը և այլն:
Նշված 2118 տեղից 1273-ը (շուրջ 61%-ը) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին: Նույն ոլորտի համար նախորդ ուստարում նախատեսվել էր պետական պատվերով հաստատված 2096 տեղից 1264-ը, որը ևս կազմում է ընդհանուր տեղերի 61%-ը:
Հաշվի առնելով 2024-2025 ընդունելության մրցույթի արդյունքները՝ հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը, նախատեսվում է 2025-2026 ուստարվա համար՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 10 000 տեղ հատկացնել վճարովի ընդունելությանը։ Համաձայն որոշման՝ վճարովի տեղերն առաջիկայում կհաստատվի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաշվի առնելով նաև բուհերի կողմից ներկայացրած հայտերը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը:
2025-2026 ուսումնական տարվա բակալավրի ընդունելության տեղերը նախագծվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը և պետության համար առաջնային կարևորություն ունեցող ոլորտներում համապատասխան որակավորմամբ մասնագետների ապահովումը։
–00—ՅՄ