Հանցավոր խումբն իրացնելու նպատակով ձեռք է բերել շուրջ 35 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ՝ ՀՀ քաղաքացի Ռ.Ս-ի օժանդակությամբ, մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 6,7 կգ «Մարիխուանա» տեսակի և 2 կգ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք նախատեսված են եղել տելեգրամյան հարթակում իրացնելու համար։
Նախաքննությամբ պարզվել է, որ խմբի ղեկավարը նախկինում ևս փորձել է իրացնելու նպատակով ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով՝ 25,2 կգ «Մարիխուանա» տեսակի, 81,6 գրամ «Մեթադոն» տեսակի և 0,99 կգ «Մեթամֆետամին» տեսակի, ինչպես նաև առնվազն 99,17 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ:
Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Ռ.Ս.-ն և Կ.Ս.-ն ապօրինի ձեռք բերած թմրամիջոցներն իրացրել են «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գործող՝ իրենց կողմից կառավարվող էջերով՝ թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրելով իրենց կողմից փաստացի շահագործվող դրամապանակների տվյալները:
Այնուհետև, թմրամիջոցների ապօրինի վաճառքից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների՝ ընդհանուր 58 մլն 330 հզր 421 ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով կրիպտոարժութային դրամապանակներին ստացված կրիպտոարժույթների մի մասը փոխանցել են ՀՀ տարածքում գործող և «Տելեգրամ» հավելվածում կրիպտոարժույթների փոխանակմամբ զբաղվող ընկերություններին պատկանող դրամապանակներին և հրահանգել փոխանակման արդյունքում ստացված ՀՀ դրամն ուղարկել վճարահաշվարկային դրամապանակներից մեկին և իրենց կողմից օգտագործված բանկային քարտերին, իսկ ստացված գումարների մյուս մասը փոխանցել են տասնյակ այլ կրիպտոարժութային դրամապանակների։
Խմբի ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) (3 դրվագ) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) (3 դրվագ), խմբի անդամներից մեկի նկատմամբ՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), մյուս անդամի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը)։
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
ԻԻՀ քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում։
Խմբի 3 անդամների վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
–00—ՅՄ