Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 102 մլն եվրոյի վարկ

18/04/2025 Տնտեսական

Հայաստանը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից կներգրավի 102 մլն եվրո վարկ, որը կուղղվի առողջապահության ոլորտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2024թ հուլիսի 25–ին:

«Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 102 մլն եվրո արժողությամբ վարկ: Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային բժշկական օգնության որակն ու իրագործումը և բարձրացնել առողջապահական ծախսերի արդյունավետությունն ու նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները»,–ասաց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Փոխնախարարի խոսքով՝ սա առաջին վարկային համաձայնագիրն է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ, որը հիմնված է արդյունքների վրա: «Նախանշվել են այն արդյունքները, որոնց կառավարությունը՝ ի դեմս առողջապահության նախարարության, պետք է հասնի ռեֆորմների միջոցով: Եվ միայն այդ դեպքում վարկային միջոցներից առհանումներ կարվեն պետական բյուջե, որը կհամալրի առողջապահության բյուջեն»,–ասաց Նանուշյանը:

Նա հստակեցրեց՝ դա բյուջետային վարկ է: Յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր ցուցանիշին հասնելու պարագայում վարկը կմասնահանվի և կտրամադրվի պետական բյուջեին, պետական բյուջեից կհամալրվի առողջապահության բյուջեն՝ իրականացնելու մեծածավալ ռեֆորմներ: «Մասնավորապես, մարդկանց բժշկական ծառայության հասանելիությանն ուղղված առողջության համապարփակ ապահովագրության ռեֆորմը»,–նշեց նա:

Վարկը լողացող տարեկան տոկոսադրույք ունի: Անցյալ տարվա օգոստոսի դրությամբ կազմում է 4.577 տոկոս:

–00–ՀԱ