Փորձում են հեռակառավարել Ազատության հրապարակում գեներացվող ընդդիմադիր գործընթացները. «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ քաղաքական վերլուծաբաններն անոնսավորում էին, որ ապրիլից սկսած առաջիկա ամիսները լինելու են ճակատագրական նիկոլական իշխանության համար, իշխանական վերին օղակներում լրջորեն պլանավորում են իրենց դեմ բողոքի նոր, հնարավոր օջախները վիժեցնելու ծրագիրը:

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում ամեն կերպ փորձելու են հեռակառավարել Ազատության հրապարակում գեներացվող ընդդիմադիր գործընթացները: Այսպիսով՝ մի կողմից իշխանությունը շարունակելու է փորձերը վրանում նստացույց անող արցախցիներին իրենցով անելու եւ պառակտելու ուղղությամբ, մյուս կողմից ընդդիմադիր որեւէ հավաք փորձելու է զսպել «Լույսի բանակ» ՀԿ նախագահ Կարեն Արայանի միջոցով:

Նախկին ու ներկա իշխանություններին մերժող Կարեն Արայանը քաղաքապետարանին է ներկայացրել իրազեկում՝ սկսած ապրիլի 1-ից մինչեւ 30-ը Ազատության հրապարակում շուրջօրյա հավաք անցկացնելու վերաբերյալ։ Սա նշանակում է, որ վերոնշյալ ժամանակահատվածում որեւէ հավաք անելու համար նախ պետք է համաձայնության գալ Արայանի հետ:

Թե որքանո՞վ է Արայանի եւ իշխանության նպատակները համաձայնեցված, համենայնդեպս, «Լույսի բանակ» ՀԿ նախագահն ամեն կերպ հերքում է, բայց սա չի խանգարում, որպեսզի ակամայից նրանք դառնան իշխանության նպատակներն իրագործող գործիք:

 

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

–00—ՍՊ