Դատախազությունը ուսումնասիրում է իշխանական «Խոսնակի» տարածած ատելության քարոզը
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Իշխանական «Խոսնակ» լրատվականի կողմից տևական ժամանակ արցախցիների նկատմամբ ատելության խոսք քարոզելու, տարածելու մասով «Ապրելու երկիր» կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Մասնավորապես՝ «Խոսնակ» լրատվականի ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակված «Մեր ջահելները Արցախի համար կոտորվեցին, գնահատվեցի՞ն» վերտառությամբ տեսանյութի առնչությամբ դատախազություն հաղորդում է ներկայացվել։
24News-ը Դատախազության լրատվական վարչությունից տեղեկացավ, որ կառույցն օրենքով սահմանված կարգով ընթացք է տվել և ուսումնասիրում է։
ՔՊ-ի հետ ասոցացվող լրատվամիջոցում հրապարակված տեսանյութում մի կին հայտարարում է, թե «արցախցիներին գյուլլեն ափսոս ա, որ գյուլլում են, պիտի սենց հողին հավասարցնեն», այնուհետև, շարունակելով ատելության քարոզը, նույն քաղաքացին նշում է, որ «արցախցիներին չպետք է բերեն լցնեն Հայաստան՝ ապականեն, իրենք թուրքի մնացորդ են»։
Այս տեսանյութը հանրային մեծ պարսավանքի արժանացավ սոցիալական ցանցերում կոնկրետ լրատվամիջոցի կողմից տարածվող և քարոզվող ատելության համար։
Ի պատասխան այդ քննադատությունների, «Խոսնակ» լրատվական կայքը քիչ առաջ հայտարարություն է տարածել, թե իբր «կարծիք» է ներկայացրել, այլ ոչ թե «ատելության քարոզ» տարածել։
Մերի Մանուկյան
–00—ՅՄ