ԱԳՆ-ն հերքել է Զոհրաբ Մնացականյանի՝ Դիվանագիտական դպրոցի տնօրեն նշանակվելու լուրը
17/04/2025
Չդասակարգված
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Դիվանագիտական դպրոցի տնօրեն։
«Դիվանագիտական դպրոցի տնօրենի նշանակում չկա, այս պահին կա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Անի Բադալյանը:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Տաթևիկ Պետրոսյանն է։
Ավելի վաղ «Մեդիամաքս»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն։
Զոհրաբ Մնացականյանը 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբեր զբաղեցրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
–00–ԱՀ