Ադրբեջանը շարունակում է կեղծել պատմությունը․ Բաքվի հայերի ջարդերը, 1905թ․
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Ցավոք սրտի մարդկության պատմությունը լի է ցեղասպան պետություններով և առաջնորդներով, սակայն հազվադեպ են այն պետությունները, որոնք ոչ միայն իրագործում են սիստեմատիկ ցեղասպանություններ, այլև զբաղվում են սեփական ժողովրդի պատմության «ցեղասպանաշինությամբ», այսինքն պատմական անցյալի միֆական «ցեղասպանություններով» ձևավորում են ցեղասպանվածի սինդրոմ և դրա վրա կառուցում վրեժի ու հակադարձման քաղաքական անհրաժեշտության գիտակցություն։ Նման գործընթացների փայլուն օրինակ է Ադրբեջանի վերջին տասնամյակների ալիևյան վարչակարգի՝ էթնիկ ատելության պատմականացման և ընդհանուր թշնամու կերպարի շուրջ օրակարգային համախմբման քաղաքականությունը։
Այս երևույթն իրավամբ կարելի է համարել հոգեբանական ահաբեկչություն սեփական բնակչության պատմական հիշողության նկատմամբ, երբ արհեստականորեն ձևավորվում են պատմական կոլետիվ տրավմատիկ բարդույթներ՝ դրանց հաղթահարման ընթացիկ քաղաքական անհրաժեշտությամբ։ Սակայն խնդրի բարդությունը կայանում է նրանում, որ նման գործընթացները տեղի են ունենում հարևան ժողովուրդների՝ մասնավորապես հայերի պատմության խեղման համադրությամբ։ Վերջին հարյուրամյակի ընթացքում առնվազն մի քանի անգամ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական բոլոր վարչակարգերն իրականացրել են շղթայական ցեղասպանություններ, որոնք հստակորեն բնորոշելի են որպես նպատակադիր և պլանավորված հակահայկական գործողություններ, սակայն նման քայլերի համար երբևէ արժանի պատասխանատվություն չկրած պետությունը փորձում է հակառակ կերպարի ստեղծմամբ թոթափել ցեղասպանողի պիտակավորումը, մինչդեռ պատմական փաստերը խոսում են բոլորովին այլնի մասին։
–00—ՍՊ