Բաքվում գերեվարվածի ընտանիքն ահազանգում է. «Այլևս ոչինչ անել չենք կարող, Կարմիր խաչը փակում են»

03/09/2025 21:15 24-ի նախագիծ

Ադրբեջանի կառավարության որոշմամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սեպտեմբերի 3-ից դադարեցնում է իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումը Ադրբեջանում էլ ավելի է անհանգստություն պատճառում հայ ռազմագերիների ընտանիքների անդամներին, քանի որ միայն այս կառույցի միջոցով էին գերեվարված անձանց հարազատները կարողանում կապ հաստատել, փոխանցել անհրաժեշտ իրեր, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ տեսակապի միջոցով խոսել։

24News-ը կապ հաստատեց Բաքվի զինվորական դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված, Հակարիի կամրջից 2023 թվականի հուլիսի 29-ին Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի դստեր՝ Վերա Խաչատրյանի հետ, վերջինս նշեց, որ երեկ են խոսել հայրիկի հետ։

«Քանի որ ընտանիքի բոլոր անդամներին զանգահարում է, շատ կարճ ենք խոսում, ուղղակի հարցնում ենք՝ ինչպե՞ս է, ինքն է հետաքրքրվում մեզնից, շատ չենք խորանում, ասում է, որ լավ է, այդքանը, ուրիշ տեղեկատվություն չունենք»,- ասաց Վերա Խաչատրյանը։

Վագիֆ Խաչատրյանի դստեր խոսքով, միայն ձայնային հեռախոսակապի միջոցով են շփվում, խոսելիս էլ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը միայն ասում է, որ լավ է։ Խաչատրյանների ընտանիքին էլ, ինչպես մյուս բոլոր գերեվարված անձանց հարազատներին, խիստ մտահոգում է Ադրբեջանում միջազգային կառույցի փակման լուրը, բայց և նշում են ցավով, որ ոչինչ անել չեն կարող։

«Բնականաբար, խոսակցություն ունեցել ենք Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի փակման վերաբերյալ, բայց քանի որ ոչ մի բան չենք կարող փոփոխել, ի՞նչ կարող եմ ասել։ Շատ լավ գիտեք, քանի տեղ ենք դիմել, երևի գոյություն չունի մի տեղ, որ չենք դիմել»,- տարակուսած ասաց Վագիֆ Խաչատրանի դուստրը։

ԿԽՄԿ-ն վերջին անգամ հայ ռազմագերիներին այցելել է երկու ամիս առաջ՝ հունիսին։

Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօր ահազանգել է Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում ինքնասպանության փորձերի մասին։
Իրավապաշտպանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ գերիները օրերս հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ, որոնց ժամանակ էլ հայտնի է դարձել ինքնասպանության փորձերի մասին: Առանց անուններ հնչեցնելու Սահակյանը տեղեկացրել է, որ ինքնասպանության փորձ իրականացնողները եղել են ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կազմից, այլ մյուս գերիների շրջանակից։
Կարմիր Խաչի այցելությունների դադարից հետո նման փորձեր են եղել, կրկնվել են, ինչը ցույց է տալիս ուղղակի կապը Կարմիր Խաչի գործունեության դադարեցման, մեկուսացվածության և մարդկային տառապանքների հետ», – լրատվամիջոցի հետ զրույցում ասել է իրավապաշտպանը:

Շուտով կլրանա 1ամիսը, ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը, բայց գերիների հարցը ոչ միայն ներառված չէր պայմանագրում, այլև ստորագրելուց առաջ և արդեն հետո 23 գերիները չեն վերադարձվել Հայաստան։

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը Դոնալդ Թրամփն անձամբ խոստացավ 23 քրիստոնյա գերիների հարցով դիմել Ադրբեջանի նախագահին. – «Այսպիսով, Դուք ասում եք, որ 23 քրիստոնյաներ են այնտեղ պահվում, ես նրան կխնդրեմ, կարծում եմ՝ նա դա կանի իմ համար»:
Այս պահին չկա որևէ տեղեկատվություն, արդյո՞ք ԱՄՆ նախագահն այս հայտարարությունից հետո դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին։

Մերի Մանուկյան