Հայաստանի խորհրդանիշներից մեկը․ այսօր ընձառյուծի միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Screenshot_3

Մայիսի 3-ը ընձառյուծի միջազգային օրն է։

Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել Ընձառյուծի պոպուլյացիայի պահպանության ուղղությամբ՝ հնարավորինս ներգրավվելով մարդկանց վայրի բնության այս չքնաղ տեսակի պահպանության գործին։

Ձեզ ենք ներկայացնում ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում տարիների ընթացքում արձանագրված Ընձառյուծի հավաքական տեսանյութը՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ «Ընձառյուծի պահպանության ծրագրի» շրջանակում իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքը։

Ընձառյուծը ներառված է ՀՀ Կարմիր գրքում (2010) «կրիտիկական» կարգավիճակով և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում «վտանգված» կարգավիճակով: Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի։

Ընձառյուծը ճկուն կենդանի է, ունի ձգված, մկանոտ, սլացիկ մարմին, որի երկարությունը 180-200 սմ է, իսկ պոչի երկարությունը` 80-100 սմ: Հասուն արուի կշիռը երբեմն կարող է հասնել 90 կգ: Ունեն կարճ և կլորավուն ականջներ։ Ոտքերը կարճ են և ամուր, թաթերը լայն են ու սուր ճանկերով, որոնց շնորհիվ էլ լավ մագլցում են ծառերը։ Ունեն սուր տեսողություն, լավ լսողություն, սակայն հոտառությունը համեմատաբար թույլ զարգացած է։

Ընձառյուծը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Այն որպես իմաստության և հզորության խորհրդանիշ հանդիպում է հինավուրց քանդակներում և նկարներում:

--00—ՅՄ