ՀՀ-ն հանձնառու է ինչպես ՄԱԳԱՏԵ-ի, այնպես էլ գործընկեր երկրների հետ սերտ համագործակցության խթանմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Քրուի և միջուկային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի համանախագահությամբ և համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ Բրյուսելում մեկնարկել է առաջին միջուկային էներգիայի գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանն իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանը՝ որպես միջուկային էներգիայի արտադրությանն ապավինող պետություն, ամուր կանգնած է այն կոնսենսուսի հետևում, որ միջուկային էներգիան անփոխարինելի է կլիմայի փոփոխության դեմ պայքարում։

«Հայաստանը ճանաչում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր մասնակից պետությունների անօտարելի իրավունքը՝ զարգացնել այն խաղաղ նպատակներով՝ առանց խտրականության և քաղաքական խոչընդոտների», - ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հպարտությամբ է միացել COP28-ում ընդունված պատմական որոշմանը, որը ցածր ածխածնային էներգիայի այլ աղբյուրների հետ մեկտեղ միջուկային էներգիան ճանաչեց որպես կլիմայի փոփոխության լուծումներից մեկը: «Միջուկային էներգիան մեր ռազմավարության անկյունաքարն է, որն ապահովում է ինչպես մեր երկրի էներգետիկ անվտանգությունը, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմացումը: Մենք ողջունում ենք գլխավոր տնօրեն Գրոսիի ջանքերը՝ միջուկային էներգիան կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված բարձր մակարդակի քննարկումների առաջին պլան հանելու համար», - իր ելույթում հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շեշտել է, որ Հայաստանի համար միջուկային էներգիան կարևոր դեր է խաղում և օգնում է Փարիզի համաձայնագրով Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրագործմանը։ «Հայաստանը, հիմնվելով նման փորձի և սահմանված առաջնահերթությունների վրա, որոշել է երկարացնել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչև 2036 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը: Մենք պարտավորվում ենք ժամանակին և համարժեք միջոցառումներ իրականացնել՝ կապված կառավարման և անվտանգության պատշաճ բարելավման հետ՝ գործընկեր պետությունների հետ համագործակցությամբ և Գործակալության ուղղորդմամբ: Այս երկարաձգումը ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար ՀԱԷԿ-ի երկարացված շահագործման ժամկետի ավարտից հետո, ինչը մեր վերջնական նպատակն է։ Այս առումով Հայաստանը հանձնառու է ինչպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, այնպես էլ գործընկեր երկրների հետ սերտ համագործակցության խթանմանը և փորձի կիրառմանը՝ ներկայիս էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար», - ասաց վարչապետ Փաշինյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ