Էստոնիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արա Մարգարյանը իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

Screenshot_7

Փետրվարի 28-ին Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արա Մարգարյանը (նստավայր՝ Վիլնյուս) իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսին։

Նախագահ Ալար Կարիսը շնորհավորել է դեսպան Արա Մարգարյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական առաքելությունը կծառայեցնի հայ-էստոնական հարաբերությունների հետագա զարգացմանը, քաղաքական երկխոսության խորացմանն ու փոխշահավետ առևտրա֊տնտեսական համագործակցության ընդլայնմանը։

Երկուստեք կարևորվել են ընդհանուր արժեքների վրա հիմնված երկու երկրների և ժողովուրդների բարեկամական հարաբերությունները։

Արա Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ջանքերը՝ ուղղված երկրում ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդմանը, և շնորհակալություն հայտնել այդ գործընթացներին աջակցելու Էստոնիայի պատրաստակամության համար։

Զրուցակիցները քննարկել են նաև ԵՄ շրջանակում Հայաստանի և Էստոնիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Արա Մարգարյանն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Ներկայացնելով Հայաստանի կառավարության խաղաղության օրակարգն ու տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ դեսպան Մարգարյանը կարևորել է միջազգային գործընկներների, մասնավորապես՝ Էստոնիայի աջակցությունը դրանց կյանքի կոչման հարցում:

--00—ՅՄ