Ավանեսյանը Եգիպտոսի ԱՆ նախարարի հետ քննարկել է դեղագործության ոլորտում համագործակցության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

l-35x0wh-1210x705z-0.6496

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցում է «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթ» միջոցառմանը:

Այն համախմբել է տարբեր երկրների առողջապահության նախարարների, քաղաքականություն մշակողների, մասնագետների և ներդրողների:

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը բանախոսել է «Առողջապահության առաջնորդների ֆորումին», որի մասնակիցները կիսվել են իրենց երկրներում առողջապահության ոլորտի վերջին ձեռքբերումներով և հեռանկարներով, նորարարության խթանմանն ուղղված աշխատանքներով և մարտահրավերները դիմակայելու փորձով:

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է արտակարգ իրավիճակների պատրաստության հայաստանյան փորձը` շեշտը դնելով առողջության առաջնային պահպանման օղակի վերակազմակերպման, ուժեղացման և մասնագետների վերապատրաստման բաղադրիչների վրա:

Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության առողջապահության և ազգաբնակչության նախարար Խալեդ Աբդել Ղաֆֆարի հետ: Քննարկվել են մի շարք ոլորտներում, այդ թվում` դեղագործության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Խալեդ Աբդել Ղաֆֆարին ներկայացրել է Եգիպտոսի առողջության համապարփակ ապահովագրության ներդրման փորձը և հետաքրքրվել էլեկտրոնային առողջապահության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով:

--00—ՅՄ